Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Նույնիսկ խաղարկային լիամետրաժ ֆիլմերի դեպքում դահլիճը կա՛մ դատարկ է, կա՛մ կիսադատարկ»

«Նույնիսկ խաղարկային լիամետրաժ ֆիլմերի դեպքում դահլիճը կա՛մ դատարկ է, կա՛մ կիսադատարկ»
10.11.2015 | 11:51

Մեր երկրում անցկացվող բազմապիսի կինոփառատոներից մեկը կրում է «Կին» խորագիրը: Անցկացվում է 12-րդ անգամ:
Ինչո՞վ է առանձնանում փառատոնը, ո՞ւմ են ուղղված ֆիլմերը, որքանո՞վ է հայ հանդիսատեսը հետաքրքրվում փառատոնային ֆիլմերով: Այս հարցերն ուղղեցինք փառատոնի հանձնախմբի անդամ, արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Նրա կարծիքով՝ այդքան էլ ճիշտ չէ գրողին տեսակավորելը՝ կին, մանուկ, ծեր: Արվեստը կա՛մ կա, կա՛մ չկա. «Փառատոները համատեղ ֆիլմեր ստեղծելու հնարավորություն ընձեռելու, հայ մշակույթով կինոարտադրողին գրավելու առաջնահերթ նպատակ ունեն։ Այդ տեսանկյունից մեզ մոտ անցկացվող գրեթե ոչ մի փառատոն իրեն չի արդարացնում: Ինչ վերաբերում է «Կին» փառատոնին, ես առաջին անգամ եմ հանձնախմբում և չգիտեմ, թե դրսում այն ինչ վարկանիշ ունի, որքանով է էական ներկայանալը, մրցանակային տեղ զբաղեցնելը: Այնպիսի տպավորություն է, որ մրցույթին ներկայացված բոլոր ֆիլմերը նկարահանված են դրամաշնորհով: Բարձրացնում են տարեց մարդկանց խնդիրները, հաշմանդամների, միասեռականների և այլն: Սակայն գեղարվեստական առումով ֆիլմերը առանձնապես չեն փայլում»:
Մարինե և Սոնա Քոչարյանների առաջին մրցանակի արժանացած «Ինչպես անցնել» (Ջիլիզայից Ջիլիզա) ֆիլմը, արձակագրի կարծիքով, ուշագրավ է: Ֆիլմը Ջիլիզա գյուղի մասին է, որի կեսը Վրաստանի սահմանում է, մյուս կեսը՝ Հայաստանի, ու մարդն իր պապիկին տեսնելու համար պետք է սահման անցնի: Կան թեմաներ, որ մեզ համար անծանոթ են ու դրանով իսկ հետաքրքիր, օրինակ, երբ տարեց մարդիկ իրենց ժամանակն անցկացնում են թատրոնում խաղալով: Արձակագիրը կեսկատակ-կեսլուրջ նկատում է, որ մեր տատիկ-պապիկները լավագույն դեպքում կմնան տանն ու իրենց թոռնիկների համար թատրոն կկազմակերպեն:
Այսպիսով փառատոնը թեմատիկ չէ, կանանց հուզող խնդիրներ չի բարձրացնում, բայց մեկտեղում է կին ռեժիսորներին:
«Ռեժիսորները բոլորը կին էին, բայց հետաքրքիրն այն է, որ մտահոգություններն այնքան էլ կանանց մտահոգություններ չէին»,- ընդգծեց զրուցակիցս, նշելով, որ մենք չունենք խնդիր կանանց առանձնացնելու, ներկայացնելու. «Մեր մշակույթի նախարարը կին է, մեծ թիվ են կազմում կին նկարիչները, կին գրողները, այսինքն՝ կինն այնքան էլ ճնշված չէ մեր միջավայրում, որ մենք տեսակավորենք, պայքարենք նրանց իրավունքների համար։ Սոցիալական խնդիրների սրման պատճառով ավելի շատ տղամարդիկ «պաշտպանության» կարիք ունեն: Կինը դարձել է նաև վաստակող, և նրա դերը փոխվել է ընտանիքում: Հաճելի է, երբ դրսից մարդիկ են գալիս, և հասկանում ես՝ ի՞նչ է մտածում, դեպի ո՞ւր է գնում աշխարհը, և շատ ավելի հաճելի է եզրակացնել, որ մենք ավելի ճիշտ ու ավելի լավ տեղ ենք գնում»:
Փառատոնի շրջանակում հանդիպում է կազմակերպվել «Կինը-կինոն-գրականությունը» թեմայով: Գրողները շփվել են, ծանոթացել միմյանց աշխատանքներին: Ի՞նչ է տալու այս «ծանոթությունը»՝ հետաքրքրվեցի: Զրուցակիցս ասաց, որ ինչ տաղանդավոր գործ էլ ներկայացնես դրսի հրատարակչին, ասելու է՝ վճարիր, որ տպագրեմ: Բայց մենք ծախսեր ենք անում, հրավիրում ենք դրսի մարդկանց, շատ հաճախ՝ ոչ նշանավոր, ու պրոպագանդում դրսի մշակույթը: Անդրադառնալով «Հայ հանդիսատեսը հետաքրքրվո՞ւմ է կանանց նվիրված փառատոնով» հարցին՝ նկատեց, որ նույնիսկ խաղարկային, լիամետրաժ ֆիլմերի դեպքում դահլիճը կա՛մ դատարկ է, կա՛մ կիսադատարկ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ